«Մենք անում ենք լավագույնը, այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նա նշեց, որ Էնթոնի Բլինքեն տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է իրենց այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարևորում ենք:
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։
«Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք` ԱՄՆ-ն որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»,-նշեց ԱՄՆ դեսպանը։