Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Շնորհավորելով Մարկ Միխիլսենին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բազմոլորտ համագործակցության, քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ օրակարգի առաջմղմանը:
ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ակտիվացման առկա հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև Երևան-Բրյուսել ավիահաղորդակցության վերսկսումը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բելգիայի կողմից վավերացված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրակումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում ներառական ծրագրերի իրականացումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների և ոլորտային փոխգործակցության խորացմանը։
Նախարար Միրզոյանը և դեսպան Միխիելսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և ողջունել է Բելգիայի դիրքորոշումը այս հարցում։