Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի, որոշել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի տեղակալ Արմեն Սամվելյանին 12 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել․
«Մեղադրյալ Արմեն Սամվելի Սամվելյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնել և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավը՝ 12 000 000 ՀՀ դրամի չափով։
Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցբեր ստանալը, մեղադրյալ Արմեն Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասված է որոշման մեջ։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Արմեն Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. նոյեմբերի 10-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Սեյրանի Զաքարյանի հանձնարարությամբ, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնական կեղծիք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես.
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին ՀՀ կառավարության 16 հունիսի 2006 թվականի N 1083-Ն որոշման 1-ին մասով հաստատվել է Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն N 1 և 2 հավելվածների:
Նույն որոշման 2-րդ մասով՝ համաձայն 3, 4, 5 և 6 հավելվածների Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համապատասխան հողատարածքները և ջրային հողերը, իսկ 3-րդ մասով սահմանվել է, որ՝ Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1947.83 հեկտար հողերից 86.46 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ: 6-րդ հավելվածում նշված ջրային հողերի կազմում է եղել 750-019 ծածկագրով 3,07 հա մակերեսով լիճը և նշում է կատարվել դրա մասնավորեցման ենթակա չլինելու մասին:
ՀՀ կառավարության 19 հունվարի 2006 թվականի N 36-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, որում նշում է կատարվել լճի մասին, իսկ դրան հարակից 2,01 հա մակերեսով տարածքը նշվել է որպես արգելոց, այսինքն կանաչապատ գոտի, որոնք հանդիսանում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետով սահմանված բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր, ինչպես նաև ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի և միջպետական ավտոճանապարհի պահպանական շերտերի հողեր և ենթակա չեն մասնավորեցման:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի համաձայն.
1-ին մաս՝ «Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով և այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով»:
2-րդ մաս՝ «Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով»:
9-րդ մաս՝ ունենալով հաստատված գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը, համայնքի ղեկավարը իրավունք է ստանում փոփոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:
30-րդ մաս՝ «Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները»:
Մխիթար Սեյրանի Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համաձայն ունենալով քաղաքապետարանի աշխատանքերը ղեկավարելու և կազմակերպելու («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված), քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով ու կարգով համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու կամ օգտագործման տրամադրելու («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված 1-ին մաս 3-րդ կետ), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը և (կամ) դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները կազմելու («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաս), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծերին համաձայնություն տալու, շինարարության (քանդման) թույլտվություն տալու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաս 6-րդ կետ), օրենքով սահմանված կարգով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մաս), անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջները, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և վերոգրյալ իրավական հիմնավորումներից ելնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետերով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0027) հողամասի օտարումը, մասնավորապես.
Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0003) մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Ռոլանդ Սամվելի Գևորգյանի վարձակալությանը: Ռոլանդ Գևորգյանը վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, և առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այլ փոխարենը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ Ռոլանդ Սամվելի Գևորգյանին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելի Սամվելյանի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի հանձնարարել է կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0027) հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:
Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանը համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն պատասխանատվություն կրելով իր կողմից կազմվող իրավական ակտերի պահանջների, իրեն վերապահված լիազորությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման համար, համայնքապատերանի ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից տրված ապօրինի հանձնարարությունը կատարելու անձնական դրդումներից ելնելով առանց համապատասխան հիմքերի, ավելին օրենսդրական արգելքների առկայության պարագայում, 12.11.2019թ. կազմել է Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0027) հողամասն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը նույն դրդումներից ելնելով ստորագրել է այն:
Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020թ.-ի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. թիվ 42 որոշման մեջ և 09-005-0750-0027 կադաստրային ծածկագրով հողատարածքը, որն առանձնացվել է 09-005-0750-0003 կադաստրային ծածկագրից, ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։ 24.06.2020թ.-ին Մեղրիի համայնքապետարանում կազմակերպված աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի կողմից, հաղթող է ճանաչվել Ռոլանդ Գևորգյանը։ 01.07.2020թ.-ին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից որոշում է կայացվել աճուրդի արդյունքներով հողատարածքն օտարել հաղթող ճանաչված Ռոլանդ Գևորգյանին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է N ՄՏ-02072020-09-0426 միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում գրառում է կատարվել այն մասին, որ հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով, Մխիթար Զաքարյանը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա Արտավազդ Արզումանյանը 07.07.2020թ. դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված N ՄՏ-02072020-09-0426 միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի գրառումը:
Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից 08.07.2020թ. տրվել է N ՄՏ-08072020-09-0132 միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:
Մխիթար Զաքարյանը հանցավոր գործողությունների միջոցով հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, հանձնարարել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին պատրաստել նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, ով այդ պահանջը կատարել է և կազմել ու Մխիթար Զաքարյանի հաստատմանն է ներկայացրել համապատասխան տեղեկանքը:
Մխիթար Զաքարյանը 09.07.2020թ. հաստատել է նշված կեղծ տեղեկանքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված անձ Արտավազդ Արզումանյանի և Ռոլանդ Գևորգյանի միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 0,4388 մակերեսով (09-005-0750-0027 կադաստրային ծածկագրով) հողատարածքը օտարվել է և ստացել պետական գրանցում:
Այսպիսով, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի հանցավոր գործողությունների արդյունքում Մեղրիի համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է Ռոլանդ Գևորգյանին՝ որպես սեփականություն, ինչի արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: