ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով:
Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։