Ադրբեջանցիները խլացուցիչներ են տեղադրել Շուշիում, որը Ստեփանակերտի և այլ քաղաքների կապի խափանումներ է առաջացրել․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում նախաձեռնել եմ հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Քննարկեցինք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքին, խոշտանգումներին և նվաստացումներին, սահմանամերձ համայնքների մեր բնակիչների միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններին վերաբերող հրատապ խնդիրներ:

Ադրբեջանական ուժերը խախտում են ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, ջրի և սանիտացիայի իրավունքները: Դիտավորյալ կերպով ստեղծում են լարվածություն, օգտագործում մեր գերիների թեման՝ ապահովելով հոգեկան տառապանքներ ընտանիքների համար:

Միջազգային հանրությունը Ադրբեջանի հանցագործություններին չի տալիս համաչափ արձագանք, իսկ Ադրբեջանն օգտվում է անպատժելիության այս իրականությունից և շարունակաբար ոտնահարում մեր հայրենակիցների հիմնարար իրավունքները:

Մարդու իրավունքների զանգվածային խախտումներ ունենք նաև Արցախի Հանրապետությունում, որտեղ Ադրբեջանի գործողությունների արդյունքում կապի և հաղորդակցության լրջագույն խնդիրներ են առաջացել, ադրբեջանցիները խլացուցիչներ են տեղադրել Շուշիում, որը Ստեփանակերտի և այլ քաղաքների կապի խափանումներ է առաջացրել:

Արցախում այդ թվում նաև ադրբեջանական գործողությունների արդյունքում առկա է ջրի խնդիր, ջրային ռեսուրսները Ադրբեջանի օկուպացիայի տակ են, կան կենցաղային, բնակարանային խնդիրներ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ահազանգեց, որ իր տեղեկությամբ գործարկված ծրագիրը, որը վերաբերում էր հյուրընկալության համար տրվող աջակցությանը, այս ամիս դադարում է գործել:

Քննարկմամբ բարձրացված խնդիրների ուղղությամբ հետևողականորեն գնալու եմ, արդեն իսկ գրություններ են ուղարկվել ՀՀ կառավարություն, գրեթե ամենօրյա ռեժիմով նամակներ եմ ուղարկում միջազգային կառույցներին:

Համառորեն շարունակելու եմ միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական վայրագությունները և, ինչպես
Ա. Թաթոյանը ընդգծեց, շեշտադրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների շարունակականության պատճառը անպատժելիությունն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել