Վարչական դատավարությունում ծանուցագիր ուղարկելու կարգը

Ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով: Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը:

Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:

Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայր նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով:

Նշենք, որ օրենքով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել