Մեր տարածքում թուրքերը սսկված, իրանց տեղն են վեր ընկած․ Շուռնուխի գյուղապետ

«Մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, մեր տարածքում թուրքերը սսկված, իրանց տեղն են վեր ընկած»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ հարակից տարածքում կան խնդիրներ, որ ճանապարհը փակ է։ Իսկ այդ ճանապարհահատվածը գյուղից հեռու է 10-12 կմ։

«Ես չեմ հասկանում՝ որը որից հետո է, որովհետև ես իրավասու չեմ այնտեղ ներկա գտնվելու։ Չեմ կարող մոտ գնալ, որ անձամբ տեսնեմ՝ կա՞ բանակցություն, թե՝ չկա կամ ո՞վ է այդ բանակցությունը տանում»,- ասաց գյուղապետը։

Հակոբ Արշակյանն ասաց, որ գյուղացիների շրջանում խուճապ չկա։

«Էնքանով է խուճապը, որ իրենք են գալիս ու ինձ ասում՝ կամանդիր, արխային, սաղ լավա լինելու»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել