Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. պաշտոնեական լիազորությունները չարաշահում, կեղծիք, հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է այն:

Բացի այդ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով և այն շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր  9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող հիշյալ սպառողական կոոպերատիվին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել  համայնքի և պետության իրավունքներին ու օրինական շահերին` առաջացնելով  ծանր հետևանքներ: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել