Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի ու Հայաստանի իշխանություններին հեռացնելը թերևս փրկության միակ ճանապարհն է…Արցախի հանձնումից մոտ տաս ամիս է անցել, Սյունիքի հանձնումը ժամանակի հարց է…Արցախում այսօր ապրողն իրոք այլ պատճառ չունի, քան Հայրենիքի հանդեպ պաշտանմունքը (բացառությամբ թալանով ու ժողովրդին կեղեքելով զբաղված իշխանությունների ու նրանց շրջապատողների)…
Լսում եմ ՀԱՅին ու գնալով համոզմունքս հաստատվում է. չեն լինելու այս չհայ իշխանությունները, իսկ գերևարված Հայրենիքն ազատագրելու ենք, տղաների վրեժն առնելու ենք…Չի ստացվում ապրել առանց ՇՈւՇԻ, ՀԱԴՐՈւԹ, ՔԱՐՎԱՃԱՌ, ՔԱՇԱԹԱՂ…
Հ.Գ. Արցախը հոսանքազուրկ է ու ջրազուրկ…»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։