Արամ Վարդանյանի գույքի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել Արամի Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գույքի վերաբերյալ։

Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ վերջինիս ծանուցագիր է ուղարկվել քննության առնչությամբ, նա հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու իր դիրքորոշումը, ինչպես նաև հայտարարագիրը։

Ծանուցագրում ասված է․

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-695 հեռախոսահամարին»։

Ծանուցագրեր են ուղարկվել նաև Ելենա Արամի Վարդանյանին, Կարեն Արամի Վարդանյանին։

Նրանք ծանուցվել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Վոլոդյայի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա իրենց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Ելենա և Կարեն Վարդանյանները գլխավոր դատախազություն ևս պետք է ներկայանային օգոստոսի 9-ին։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազոթյունից հայտնեցինք, որ Արամ, Ելենա, Կարեն Վարդանյանների ներկայացուցիչը կապ է հաստատել դատախազության հետ՝ նշելով, որ կներկայանան օգոստոսի 30-ին։

Հավելենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով սահմանված են շահագրգիռ անձանց ծանուցումը և ծանուցման կարգը։

16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ անձի կողմից հայտարարագիր կամ դիրքորոշում ներկայացնելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել և օգտագործվել իր կամ իր ընտանիքի անդամների դեմ։ Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել