Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աֆղանստանում «Տալիբանը» ձախողում է Էրդողանի ծրագրերը, կամ հակառակը…
Մինչև ՆԱՏՕ-ական և ամերիկյան զորքերի Աֆղանստանից դուրսբերման վերջնաժամկետը՝ օգոստոսի ավարտը, «Տալիբանի» կողմից ամբողջական Աֆղանստանի և հատկապես մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ իշխանության հաստատումը գրեթե անհնարին է դարձնում Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկելու թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը, քանի որ դա ձեռք էր բերվել և իրականացվելու էր որակապես այլ իրավիճակում՝ Աֆղանստանի կառավարության ենթադրյալ կառավարման պարագայում։
Մինչդեռ արդեն «Տալիբանի» կողմից Աֆղանստանի իշխանության ղեկը ստանձնելու պարագայում վերոնշյալ պայմանավորվածություններն արդենիսկ ժամանակավրեպ են դառնում։
Հետևաբար, Աֆղանստանում Թուրքիայի հետագա դերակատարման հնարավորությունը կարող է առավելապես ի կատար ածվել Թուրքիա-«Տալիբան» պայմանավորվածությունների տիրույթում։
Կկարողանա՞ Անկարան լեզու գտնել տալիբների հետ, ցույց կտան ժամանակը և հետագա զարգացումները, բայց այն, որ բոլոր հնարավոր ուղիներով Էրդողանն անգամ անձամբ է փորձում առանձին երկկողմ երկխոսության, բացահայտ է։
Եվ հաշվի առնելով նման հարցերում Թուրքիայի նախկին հաջողված փորձառությունը, չնայած աֆղանական հիմնախնդրի առանձնահատկություններին, այնուամենայնիվ Անկարայի աֆղանական ծրագրերը լիովին սպառված չեն, պարզապես վերանայման խնդիր ունի դրանց հասնելու մարտավարությունը։
Հարկ է նշել, որ, ըստ որոշ տեղեկությունների՝ Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկող զորակազմում թուրք զինծառայողների կողքին են նաև նրանց ադրբեջանցի եղբայրները՝ չնայած դեռ մայիսին Բաքուն հայտարարել էր Աֆղանստանում խաղաղապահ առաքելության դադարեցման մասին։
Ի դեպ, Աֆղանստանում խաղաղապահական գործառույթներ իրականացնող շուրջ 6 տասնյակ հայ զինծառայողները Երևան են վերադարձել դեռևս մարտի սկզբին»։