Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը oգոստոսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50 երթուղու սպասարկման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի համար 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով, հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի 24.06.2021թ. հ.Բ-0641 գրությունը.
1.Դադարեցնել «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50 երթուղու սպասարկման իրավունքը։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:
3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50 երթուղու համար «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի հետ կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանը»: