Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական  բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունից:

Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի  23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով:  Ըստ այդմ` 16 պետական բուհերում ( որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է  25 տոկոս ներկայացվածություն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները  կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում  է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ: Նոր նախագծով պետական բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ` պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչների 25-ական տոկոս` 5-ական անդամի ներկայացվածություն: Առաջարկվող նախագծով փաստացի   պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունը, ըստ որի խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն  հավասար ներկայացվածություն: Ակնկալվում է, որ նոր նախագծի ընդունմամբ կբարձրանա  բուհերի կառավարման արդյունավետությունը:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո, հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկները, այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել