Նախկին կնոջը սպանած անձը ձերբակալվել է. ոստիկանություն

Օգոստոսի 11-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ
Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած ոստիկանները տեղում հայտնաբերեցին 34-ամյա կնոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: 33-ամյա տղամարդը ձերբակալված է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել