Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան․ որոշումն ընդունվեց

Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց և որոշեց բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը: Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 2 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը:

«Նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68.000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ: Կարևոր է նաև նշել, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով՝ փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետև տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։ Գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը հանրության շրջանում այնքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք կկատարեն հավելյալ աշխատանք:

Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով պարգևավճարների ֆոնդը կնվազի շուրջ 20 անգամ՝ մոտ 1.8 մլրդ դրամը կփոխանցվի հիմնական աշխատավարձերի ֆոնդ:

«Քաղաքապետարանի գլխամասի համայնքային ծառայողների աշխատավարձերն առաջարկվում է բարձրացնել մոտ 38.01 տոկոսով, վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերն էլ՝ մոտ 32.46 տոկոսով»,- նշեց Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել