ՀՀ Ազգային ժողով 7-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, հակիրճ ներկայացնում իմ պատգամավորական աշխատանքի 2.5 տարվա հաշվետվությունը։
✅ԱԺ-ի կողմից ընդունվել են իմ հեղինակած կամ համահեղինակած 16 օրենսդրական նախաձեռնություններ։
✅Հանդիսանում եմ ԱԺ կողմից ընդունված 44 օրենքի նախագծի հարակից զեկուցող:
✅Մի շարք կարևոր նախագծերի քննարկումների փուլում կատարել եմ բազմաթիվ առաջարկների, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, օրինակ «ՀՀ Հարկային օրենսգրքի» ԱԺ-ում քննարկման փուլում կառավարություն եմ ուղարկել 15 առաջարկություն, որոնցից մեկ տասնյակը ընդունվել են, կամ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակում եղել են իմ 9 առաջարկներ և այլն:
✅ԱԺ իմ աշխատասենյակում ընդունել եմ 248 քաղաքացիների, իսկ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերի գրասենյակներում ընդունել եմ շուրջ 100 քաղաքացու՝ լսելով նրանց խնդիրները, որոնց զգալի մասը ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացել են իրենց լուծումները։
✅41 անգամ բնակիչների առաջարկով կամ իմ նախաձեռնությամբ ունեցել եմ բակային հանդիպումներ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև եղել եմ 17 գյուղական համայնքերում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ (ոչ քարոզարշավի ժամանակ)։
✅ԱԺ ամբիոնից ունեցել եմ ավելի քան 100 ելույթ և հնչեցրել եմ 84 հարց ՀՀ կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին (տվյալը վերցված է ԱԺ նիստերի սղագրություններից)։
✅Մասնակցել եմ մի շարք հասարակական-քաղաքական միջոցառումների, որոնց շրջանակում մշտապես ձգտում եմ ակտիվ շփվել քաղաքացիների հետ՝ նրանց խնդիրներին ծանոթ լինելու նպատակով։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ՀՀ Կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ՝ համատեղ աշխատանքի համար։
Շնորհակալություն եմ հայտնում շուրջ 700 հազար ՀՀ քաղաքացու, որոնց քվեների շնորհիվ կլինեմ նաև 8-րդ գումարման ԱԺ-ում և կփորձեմ արդարացնել Ձեր սպասելիքները»։