ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:
Այդ առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
ՀՀ քաղաքացու համար այլևս ապահով չէ քայլել Երևանի փողոցներում»։
Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանին։