Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի փողոցի ժամանցի վայրերից մեկում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նաև տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են այս տարվա հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 և 10000 դրամին համարժեք խաղաքարեր և վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։ Ապօրինության հետևանքով, միայն պետտուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս:
Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ: Բացի խաղատնային պարագաներից, սրահում և բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել և վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։
Փաստի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: