Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների:

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ: Ստորև ներկայացնում ենք փորձարկվող մասնագիտությունները` ըստ ուսումնական հաստատությունների․

• «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

• «Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» և «Ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

• «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով կներդրվի «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

• Նշված մասնագիտություններից յուրաքանչյուրին պահուստային տեղերի հաշվին հատկացվել է 20-ական տեղ (10 վճարովի և 10 անվճար): Ընդունելությունը կկատարվի հիմնական կրթության հիմքով` հիմք ընդունելով ավարտական վկայականի միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, և մրցութային առարկաների ցուցանիշները:

• Փորձարարական կարգով «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2021-2022 ուսումնական տարվա համար կներդրվի նաև «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը: Պահուստային տեղերից հիմնական կրթության հիմքով այս մասնագիտությանը կհատկացվի 20 անվճար ուսուցմամբ տեղ: Ընդունելության համար մրցութային առարկաներ են համարվում «Մաթեմատիկա», «Երկրաչափություն» և «Հայոց լեզու» առարկաները:

• Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ընդունելությունը կկատարվի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 մայիսի 2020 թ. N 08-Ն հրամանով սահմանված կարգի: Ընդունելությունը կատարվում է առցանց` dimord.emis.am կայքի միջոցով:

• Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 15-ը:

• Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ: Քննություններն օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում են քննական հանձնաժողովների կողմից` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի:

• Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել