«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հետևելով Սահմանադրական դատարանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարող եմ արձանագրել, որ քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող անձը չի՛ կարող լինել անկողմնակալ դատավոր, չի՛ կարող իրականացնել արդարադատություն և անելիք չունի դատարանում։
Երիցս համոզվեցի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս դատարանը պետք է լուծարել և ստեղծել Գերագույն դատարան, որը կունենա սահմանադրական արդարադատություն իրականացնող պալատ, որի անդամները կդառնան բացառապես բարձր որակավորում ունեցող իրավաբան-գիտնականները և երկար տարիներ անաչառ, անկաշառ դատավորի համբավ ունեցող և բարձր որակավորում ունեցող անձինք, որոնք որևէ կերպ որևէ քաղաքական ազդեցության տակ չեն լինի։
Համոզվեցի նաև, որ չի կարելի պետական ռեսուրսները մսխել այսպիսի անարդյունավետ գործունեության համար։
Սահմանադիրն ու օրենսդիրը պետք է հասնեն այն բանին, որ նմանատիպ վեճերի լուծման համար ներկայացվող դիմումների հիմքում դրված փաստարկներն ու վերաբերելի ապացույցներն այն աստիճան անխոցելի ու հիմնավոր լինեն, որ Դատարանի համար ոչ միայն դրանց ընդունելիությունը պարտադիր լինի, այլև գործի քննության արդյունքում հրապարակվող դատական ակտն ունենա անկյունաքարային նշանակություն ընտրական իրավունքի զարգացման գործում։ Հակառակ պարագայում ստիպված կլինենք մշտապես ականատես լինել ջուր ծեծոցիի ու դատարկախոսությունների․․․»,-գրել է նա։