Երևանում վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ամբողջովին կազմակերպվելու է այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին hայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած հերոս տղաներին՝ որոշակիորեն թեթևացնելով նրանց հոգսը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով վերլուծվել են անհրաժեշտ տվյալները և ընտրվել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած զինծառայողները: Մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է: Այժմ ընթացքի մեջ են չափագրման աշխատանքները:
Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Հանձնարարվել է արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին ու երթևեկության ընթացքում բացառել վարորդների ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը:
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ստուգայցերի միջոցով տեղերում ուժեղացնել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել երևույթը բացառելու ուղղությամբ: