Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մայիսի 21-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պևկուրի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, խոսելով Հայաստանի և Էստոնիայի հանրապետությունների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա համագործակցության մասին, հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև դատական ոլորտում:
Արման Մկրտումյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու գործառույթները, մասնավորապես՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորների մասնագիտացման հարցին, ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքով գործող դատական ատյաններին, ինչպես նաև Արդարադատության խորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
Համեմատելով Էստոնիայի և Հայաստանի դատական համակարգերը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, մասնավորապես, նկատեց, որ ունենալով նույն քանակի դատավորներ Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, ինչն, անշուշտ, ապահովում է դատավորների աշխատանքի առավել արդյունավետությունը:
Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պևկուրը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և առաջարկեց քննարկել էստոնական փորձը: Նախարար Հանո Պևկուրը, մասնավորապես, ներկայացրեց Էստոնիայում գործող արտադատական ինստիտուտի փորձն ու արդյունավետությունը, որն էապես թեթևացնում է դատարանների ծանրաբեռնվածությունը:
Հյուրերը շրջեցին նաև Վճռաբեկ դատարանում, ծանոթացան դատարանի շենքային պայմաններին ու դատական նիստերի դահլիճներին:
Պատվիրակությունը մայիսի 21-ին կայցելի նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Լուսանկարը` dataran.am-ի
Իրավաբան.net