Այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայի Թովմասյանը հարց ուղղեց «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին՝ քվեաթերթիկները սահմանված նմուշի չլինելու և ծանուցում չպարունակելու հետ կապված։ Այս մասին երեկ՝ հուկիսի 10-ին, հայտնել էր կուսակցության ներկայացուցիչը։
«2016 թվականի խմբագրությամբ ընտրական օրենսգիրքը, նույն 59-րդ հոդվածը սահնանում է ոչ թե քվեարկության կարգի ծանուցումը, որ քվեաթերթիկը պետք է պարունակի, այլ քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեաթերթիկի լրացման կարգի մասին։ Այս պահին գործող խմբագրությունն ունւ հետևյալ բովանդակությունը, որ քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեարկելու կարգի մասին։
Երբ նայում ենք մեր ընտրական օրենսգիրքը, քվեարկության կարգը որպես այդպիսին, 2 գլուխ է՝ 10-րդ և 11-րդ գլուխները վերաբերում են քվեարկության կարգին։ Այինքն՝ այդ ամբողջ հոդվածները՝ 7-8 հոդված, քվեարկության կարգի մասին է։ Եվ այն հոդվածը, որը նախկինում վերաբերում էր, թե քվեաթերթիկը ոնց ենք լրացնում, դա էլ է փոխվել։
Դա արդեն 67-րդ հոդվածն է, ոչ թե քվեարկել, այլ այն թեկնածուին կամ կուսակցությանը, որին ընտրում ես, նրա քվեաթերթիկը դնում ես ծրարի մեջ։ Հիմա երբ ինքս ինձ դնում եմ ԿԸՀ-ի տեղը և ասում եմ, որ պետք է ծանուցում պարունակի քվեարկության կարգի վերաբերյալ, ապա այդ 4-5 հոդվածն ինքը չէր կարող զետեղել։
Այսինքն՝ խնդիրը օրենքի մեջ է, օրենսդրական կարգավորման փոփոխության արդյունքում է, որ քվեարկելու կարգի մասին դրույթ չկա, կամ կա ամբողջ գլուխ, կա քվեարկություն և կա 11-րդ գլուխ, որն անվանվում է հենց քվեարկության կարգը։ Այինքն՝ այդ ամբողջ 4-5 հոդվածը, եթե ընդունենք, որ քվեարկության կարգը այս երեք հոդվածն է, ո՞նց կարող էր փոքրիկ քվեաթերթիկի վրա զետեղված լինել»։
Հարցին ի պատասխան՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն ասաց․
«ԿԸՀ-ն ունի իր հայեցողական լիազորությունները՝ օրենքով սահմանված կարգով դա հաստատելու։ Կարծում եմ՝ բացարձակապես պետք չէր բոլոր դրույթներն ամբողջ ընտրական օրենսգրքից քոփի փասթ անել և տեղադրել դրա մեջ։ Բավական կլիներ, որ ընտրողը տեղամաս մտնելիս հստակ պատկերացում ունենար, թե ինչ կարգով պետք է քվեարկի, այսինք՝ 4-5 տող։
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը ամսի 19-ին այդ ծանուցումը ընդամենը 1 րոպեում կարողացավ 4-5 բառով նկարագրի, թե ընտրողն ինչպես պետք է գա տեղամաս, ինչ կարգով պետք է քվեարկի, պարտդաիր ոչ մի քվեաթերթիկ չտանի և այլն։
Եվ երկրոդը՝ եթե կա օրենսդրական պահանջ, որ քվեաթերթիկը պետք է պարունակի ծանուցում՝ ընտրական կարգի մասին, անկախ նրանից, թե այդ կարգը ինչ ծավալ ունի, դա չի կարող պատճառ լինել, որ հանրային իշխանությունն իր պոզիտիվ պարտականությունը կատարի»։
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 10-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն ասել էր․
«ԸՕ 59-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համապատասխան ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը և քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեարկության կարգի մասին։
Ինչպես գիտեք, մեր այս ընտրություններում օգտագործված քվեաթերթիկները բացարձակապես չունեն գաղտնիության պաշտպանիչ որևէ բան, ոչ մի միջոց կիրառված չէ, սովորական A4 ֆորմատի թուղթ է, սովորական տպագրություն, որը կարելի էր ստանալ նույնիսկ սովորական պատճենահանման սարքի միջոցով։ Կարևորագույն հանգամանք, որ մենք ընդգծել ենք, այն է, որ քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեարկության կարգի մասին, որը իսպառ բացակայել է քվեաթերթկի վրա»,- նշեց նա։
Արտակ Գալստյանի խոսքով՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին։
«ԿԸՀ-ն քվեաթերթիկի նմուշը հաստատելուց թույլ է տվել 59-րդ հոդվածի խախտում։ Մենք պնդում ենք, որ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին։ Միևնույն ժամանակ, նույն Ընտրական օրենսգիրքը ասում է, որ այն քվեաթերթիկները, որոնք սահմանված նմուշի չեն, հաշվարկման ենթական չեն։
Սահմանված նմուշ է այն հաստատված քվեաթերթիկը, որի վրա առկա է մարգան, որը կպցվում է և որը որ դուրս է եկել ծրարից։ Այս համակցության մեջ եթե նայում ենք, որ քվեաթերթիկը, որը հաստատվել է ԿԸՀ-ի կողմից օրենքի խախտմամբ, այդ քվեաթերթիկը չի կարող համարվել սահմանված նմուշ, բնականաբար, բոլոր քվեաթերթիկները, որոնք դուրս են եկել տեղամասերից՝ անկախ նրանից առկա է այդ մարգան, թե առկա չէ, բացի այն, որ խախտված է ընտրողի անուցված լինելու իրավունքը, այլ նաև չեն համապատասխանում սահմանված նմուշին, և բոլոր այդ քվեաթերթիկները օրենքի կետի կիրառման պայմաններում պետք է ընդհանրապես հաշվարկի ենթական չլինեին։
Իսկ այդ դեպքում, քանի որ խոսքը վերաբերում է համակարգային և ամբողջ ՀՀ-ի խախտումներին, փաստացի, դուրս է գաիս, որ ընտրություններին մասնակցած բոլոր քվեաթերթիկները օրենքի կետի կիրառման պայմաններում ուղղակի պետք է չհաշվարկեն։ Այսինքն՝ այս ընտրություններում չէր կարող լինել ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: