ՍԴ-ն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է քննել հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումները։
Երեկ՝ հուլիսի 10-ին, Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնել էր․
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին։
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: