Հուլիսի 9-ին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Պոլիտեխնիկում հյուրընկալեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջը։
«Հանդիպմանը ներկա էին Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի (ՄԱՏՈՒԿ) ղեկավար Ոստանիկ Մարուխյանը և ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը։
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Պոլիտեխնիկ կատարած այցի համար` ռեկտոր Գ. Վարդանյանը, ներկայացրեց համալսարանի ղեկավարության մոտեցումները ստեղծված բարդ իրավիճակում Արցախում կրթության ապագային առնչվող հարցերի վերաբերյալ։ «Պոլիտեխնիկական համալսարանը մշտապես իր դերակատարությունն ու համեստ ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության կրթական քաղաքականության մեջ և այդ ներդրումը արտահայտվել է տարբեր ծրագրերի տեսքով։ Պոլիտեխնիկում Արցախի հանրապետության նկատմամբ քաղաքականության և մոտեցումների առումով ոչինչ չի փոխվել՝ արժեքային համակարգը և միացյալ հայրենիքի համար սրտացավությունը պահպանվել են, առավել ևս ստեղծված իրավիճակում ավելի են ընդգծվել։ Այս տրամաբանությամբ ցանկանում եմ, որ մեր զրույցը օգտագործենք գնահատելու, թե մեր մասնակցությունը այսուհետ ինչպիսին պետք է լինի Արցախում։ Փորձենք հասկանալ, թե ինչ ներդրում կարող է ունենալ Պոլիտեխնիկը»,-նշեց ռեկտորը։
Ո․ Մարուխյանը կարևորեց իրականացվող ծրագրերի շարունակականությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր գաղափարների հետագա իրականացմանը։
Կողմերը փոխհամագործակցության պատրաստակամություն հայտնեցին՝ մանրամասն քննարկելու առկա խնդիրները և Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Պոլիտեխնիկական համալսարանի, Արցախի պետական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետագա գործակցության նոր ուղիներ գտնելուն վերաբերող հարցերը:
Հանդիպման ավարտին Արցախի Ազգային ժողովի նախագահ Ա․ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության, ինչպես նաև կրթության վերաբերյալ հարցերի քննարկման և ձեռքբերված նախնական պայմանավորվածությունների համար։
Առաջիկայում նախատեսվում է համագործակցության խորացման հստակ քայլերի մշակում, ինչպես նաև Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի այց Արցախի Հանրապետություն»,- ասված է հայտարարության մեջ։