Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քիչ չեն օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք նաև նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:
Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի`
1) կազմակերպական-իրավական ձևը.
2) անվանմանն առաջադրվող պահանջները.
3) ստեղծման և դադարման հարցերը.
4) վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության հարցերը.
5) իրավունակության բովանդակությունը.
6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը.
7) ներսում ծավալվող հարաբերությունները` ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ.
8) պատասխանատվությունը:
Օտարերկրյա իրավաբանական անձը չի կարող վկայակոչել իր մարմնի կամ ներկայացուցչի` այն պետության իրավունքին անհայտ գործարքը կնքելու լիազորությունների սահմանափակումը, որտեղ այդ մարմինը կամ ներկայացուցիչը կնքել է գործարքը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակման մասին:
Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:
Աղբյուրը` Իրավաբան.net