Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2013 թվականի ապրիլի 11-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ` հանձնաժողովը որոշել է 17 և ավելի միավոր ստացած աշխատանքերի դիմորդներին տրամադրել տեղեկանք, իսկ մնացած դիմորդներին մերժել՝ հնարավորություն ընձեռելով դիմորդին ծանոթանալ ստուգված աշխատանքին և գնահատականին:

Համապատասխան փորձագետի բացակայության պատճառով լեհերենով և բուլղարերենով կատարված աշխատանքները և ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրել է հանձնաժողովը: Ուսումնասիրության արդյունքում որոշվել է նշված աշխատանքները գնահատել “ոչ բավարար”, քանի որ դիմորդները չեն հավաքել բավարար միավորներ օտար լեզվից հայերեն թարգմանված տեքստերի համար, որոնք նույնական էին մնացած եվրոպական լեզուների տեքստերին: Տվյալ անձինք կարող են ստանալ փորձագետի ստուգման համար վճարված գումարը ներքոգրյալ կարգին համապատասխան:

Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է վճարված պետական տուրքը և փորձագետի համար վճարված գումարը: Փորձագետի համար վճարված գումարը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով դիմում: Պետական տուրքը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ ֆինանսների նախարարություն (հեռ: 595 395)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• տեղեկանք` ստուգումններին չմասնակցելու վերաբերյալ,
• պետական տուրքի անդորրագիր:

Վերջին 2 փաստաթղթերը դիմողը ստանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:
17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են հունիսի 10-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանքը ստանալու համար:

Գնահատականներին և գրավորներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները:

Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների ստացումից հետո 10 օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել