Գորիս համայնքի Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիսի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի բյուջեից առերևույթ վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ խախտելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019թ. օգոստոսի 20-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 69-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, ըստ որի՝ համայնքի կամավոր խնդիրներն են համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը, 2021թ. հունիսի 9-ի թիվ 369-Ա որոշմամբ սոցալապես անապահով ընտանիքներ չհամարվող, ինչպես նաև այլ համայնքների բնակիչներ հանդիսացող 115 անձանց, որպես դրամական աջակցություն, տրամադրել է ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ:  Դեպքի առթիվ  հունիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: 

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի վարչական ներկայացուցիչ Ս. Օ.-ն 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: 

Պարզվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 09.06.2021թ. որոշմամբ Որոտան գյուղի թվով 31 բնակիչների սոցիալական աջակցվություն ստանալու վերաբերյալ դիմումները բավարվել են և տրամադրվել տարբեր չափի գումարներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Ս. Օ.-ի ընտանիքի անդամները և հարազատները: 

Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Օ.-ն որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցույթուն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:  

Նկատի ունենալով, որ նշված հոդվածներով հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ: Միաժամանակ, ՀՀ ՔԿ և ՀՀ ՀՔԾ-ի քննիչներից ձևավորվել է քննչական խումբ, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել