Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:
Սիբիրախտ (Anthrax), սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով։
Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են եղջերուները, այնուհետև ըստ զգայունակության աստիճանի հետևյալ կենդանիները՝ ոչխարներ, այծեր, խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, բիզոններ, այծեղջյուրներ, գոմեշներ, խոզեր, ուղտեր։ Գիշատիչ կենդանիներից հատկապես զգայունակ են սամույրները, ջրաքիսները, ջրարջերը, համեմատաբար թույլ զգայունակությամբ են օժտված կատուները, շները, գայլերը, աղվեսները, բևեռաղվեսները։ Նկարագրված են արջերի, փղերի, առյուծների, վագրերի անկումների մասին։ Սիբիրախտի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։
Կենդանիների վարակումը կատարվում է տարբեր ուղիներով։ Ինֆեկցիայի հարուցչի ներթափանցման հիմնական ճանապարհը այն է, երբ սպորները կամ բացիլները կենդանու օրգանիզմ են անցնում կերի կամ ջրի միջոցով։ Բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթների ամբողջականության խախտման, ատամների փոխման և ստամոքս–աղիքային ուղիների լորձաթաղանթների բորբոքումների դեպքում բարձրանում է վարակման և հիվանդանալու հավանականությունը։ Սիբիրախտի հարուցիչը օրգանիզմ է ներթափանցում նաև ամբողջականությունը խախտված մաշկի միջոցով, մանավանդ թարմ քերծվածքների դեպքում, ինչպես նաև աէրոգեն ճանապարհով, որը առավելապես դիտվում է ոչխարների մոտ, երբ նրանց քշում են վարակված տեղանքով։ Հիվանդության տարածման գործում մեծ դեր են խաղում նաև արյունածուծ միջատները, հատկապես գոռեխները, շնաճանճերը, մոծակները, որոնք վարակը տարածում են ոչ միայն հիվանդ կենդանիներից, այլև դիակներից, վարակված ջրամբարներից, հողից։ Հիվանդությունը սովորաբար արձանագրվում է տարվա տաք եղանակներին, աղքատ և չոր բուսածածկով արոտավայրերում։ Մսուրային շրջանում ևս հնարավոր են հատուկենտ բռնկումներ, երբ օգտագործում են սիբիրախտի սպորներով վարակված անասնակեր։
Կախված հիվանդության հարուցչի փոխանցման բազմապիսի գործոնների առկայությունից և տարվա եղանակից՝ համաճարակի ինտենսիվությունը կարող է դրսևորվել սպորադիայից (հատուկենտ բռնկումներ) մինչև տեղաճարակային, երբեմն էլ համաճարակային (էպոզիտիա) ձևերով։ Սովորաբար վերջինը արձանագրվում է արոտային պահվածքի դեպքում, երբ առկա են վարակի փոխանցման կենդանի և անկենդան նյութի ձևերը։ Ի տարբերություն համաճարակի ինտենսիվության այսպիսի տատանումների, հիվանդ կենդանիների մահացությունը հասնում է 80 – 100%-ի։
Սիբիրախտի կլինիկական նշանները և ընթացքը կախված են հիվանդության հարուցիչի՝ օրգանիզմ թափանցելու ուղիներից, կենդանու տեսակից և անհատական զգայունակությունից, մանրէի վարակունակությունից և դրա բաժնեչափից, գաղտնի շրջանի տևողությունից և համաճարակային պրոցեսի ժամկետներից։
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որի ընթացքում հյուսվածքներում հարուցիչը հարմարվում, բազմանում և արտադրում է թույներ, այնուհետև ռետիկուլա-էնդոթելային համակարգի բջիջներից բացիլներն ազատվում են և առաջացնում ինֆեկցիայի երկրորդային օջախներ։ Ըստ ախտաբանական պրոցեսի տեղադրման՝ տարբերվում են հիվանդության մաշկային, աղիքային, թոքային և անգինոզային ձևերը։
Որոճող կենդանիների և ձիերի մոտ սիբիրախտը սովորաբար ընթանում է գերսուր (կայծակնային), սուր ու հազվագյուտ դեպքերում նաև ենթասուր ձևերով։
Սիբիրախտի դեպքում կենդանիներին մեկուսացնում են։ Հերձումը չի թույլատրվում հիվանդության զոոանթրոպոնոզ և խիստ կոնտագյոզ լինելու պատճառով։
Բնական պայմաններում սիբիրախտով հիվանդացած և առողջացած կենդանիները ձեռք են բերում կայուն և տևական վարակամերժում։
Եթե սիբիրախտ է բռնկվել տնտեսությունում, ֆերմայում, արոտավայրի տեղամասում, կենդանական հումք վերամշակող ձեռնարկությունում, անմիջապես սահմանվում է կարանտին։ Արգելվում է կենդանիների ներմուծումը և դուրս բերումը, վերախմբավորումը, մսի համար սպանդը, անասնապահական հումքի մթերումը և արտահանումը։ Բոլոր ընկալունակ կենդանիներին հետազոտում են, հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիներին մեկուսացնում են և բուժում, իսկ առողջացումից 14 օր հետո պատվաստում սիբիրախտի նկատմամբ։ Չի թույլատրվում հարկադիր սպանդի ենթարկել սիբիրախտով հիվանդ կենդանուն։ Վարակման մեջ կասկածվող կլինիկական առողջ կենդանիներին անմիջապես պատվաստում են։ Հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների կաթը վնասազերծում են և ոչնչացնում, իսկ վարակման մեջ կասկածվողներինը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ միայն եռացնելուց հետո։
Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով։ Խիստ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ։ Հիվանդ կենդանիների կամ դիակի ընկած տեղը ախտահանում են 10%-ոց կծու նատրիումի, 5% ակտիվ քլոր պարունակող քլորակրի կամ 4% ֆորմալդեհիդի լուծույթներով։ Կերերի մնացորդները, ցածրարժեք գույքը, գոմաղբը հավաքում են և այրում։
Հիվանդ կենդանիների սպանդը արգելվում է։ Դիակներն ամբողջությամբ պետք է ոչնչացվեն այրմամբ։ Ինչպես արդեն նշվել է, հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների կաթը վնասազերծում են և ոչնչացնում, իսկ վարակման մեջ կասկածվողներինը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ միայն եռացնելուց հետո։