Չարչյանի համար այսպիսի մի փորձություն էր Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) վերաբերյալ փորձաքննությունը. Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահագին աղմուկ բարձրացավ Չարչյանի վերաբերյալ։

Ինչպես նկատեցի, հիմնականում քննարկումն այն մասին էր, թե Չարչյանը լավ բժիշկ է, թե՝ ոչ, շատ մարդու է օգնել թե ոչ։
Իհարկե դա կապ չունի նրա կողմից կատարված արարքների քննության հետ։

Նրան առաջադրված մեղադրանքի մանրամասներին ծանոթ չեմ։ Միայն նայեցի նրա հարցազրույցներից մեկը և նկատեցի, որ փաստորեն խոստովանում է, որ ոչ միայն ճնշում և իր զբաղեցրած դիքից ելնելով ազդեցություն է կիրառել, այլ նաև փաստորեն կաշառքի խոստում է տվել հետագայում ևս իր պահանջին համապատասխան քվեարկածներին անվճար բժշկական ծառայություններով աջակցելու, իսկ մյուսներին՝ նման աջակցությունը մերժելու վերաբերյալ:

Ընդհանրապես ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է կարելի որևէ մեկին իր մասնագիտության կամ արհեստի համար արժանացնել մեծարանքի կամ հակառակը։

Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա այս ոլորտում շատ նկատելի և տեսանելի են պատկերավոր ասված կաստայական կամ համքարական նկրտումները, որոնք օգտագործվում են ինչպես սխալներից պաշտպանության, այնպես էլ ստատուսային հեղինակության ձևավորման նպատակով։

Դրա հետ մեկտեղ ես ճանաչում եմ Մարդկանց, որոնք բժիշկ են, սակայն չեն տառապում նշված կեղծ և անարժեք բարդույթներով և դեռ ավելին, ականատեսն եմ եղել, թե նրանք ինչպես են հաղթահարում համքարությանը դեմ չգնալու «տաբուները» և պաշտպանում ճշմարտությունն ու արդարությունը։ Ցավոք, ես քչերին եմ ճանաչում։ Եվ քանի որ քննարկվող հարցի շուրջ բարձրացվեց նաև Վահե Ավետյանի դեպքը, ապա ասեմ, որ այդ ամբողջ գործում ի հեճուկս փորձագիտական եզրակացությունների և փորձագետների, այդպիսի Մարդ էր Արման Հակոբյանը, որն ի տարբերություն բազմաթիվ լավ բժիշկների՝ եկավ դատարան և տվեց իր մասնագիտական կարծիքը, երբ շատերը չհամարձակվեցին։

Այժմ Չարչյանի բժշկի և մարդկային որակների մասին.

Միգուցե շատերին նա շատ է օգնել, լավ ծառայություններ է մատուցել։ Գիտենք նաև որ նա անփոխարինելի բժիշկ է եղել Քոչարյանի համար (ամենայն «նրբանկատությամբ հետազոտվում, ապա կամաց-կամաց վիրահատվում էր, բժշկվում»)։ Անխոս շատերին օգնել է Չարչյանը, ոմանց՝ ֆինանսապես, այլոց այդ նույն համքարությունում իր ունեցած հեղինակությամբ և այլ կերպ։ Անխոս շատերի փոխադարձ ծառայություններից էլ ինքն է օգտվել, հատկապես իր համար կյանքի բարդ իրադրություններում, սակայն այս մասին չեմ ցանկանում խոսել։

Մի բան հստակ է, Չարչյանը այն բժիշկներից է, որը կարողացել է ապահովել բժշկության ոլորտում իր գիտելիքների, հմտությունների և կապերի կիրառմամբ արդյունավետ բիզնես գործունեություն՝ ի տարբերություն շատ այլոց։

Բայց կյանքում գալիս են պահեր, երբ քննության են դրվում քո թե մասնագիտական, թե բարոյական, ու մարդկային որակները։ Եվ այդ ժամանակ է որոշվում թե ինչ արժես և ինչ արժի քո այս կամ այն սրան կամ նրան մատուցված ծառայությունը, գթությունը, մարդկությունը։ Արդյոք այդ բարդ իրավիճակում պատրաստ ես լինել արդար, հավատարիմ մասնագիտական էթիկային, թեկուզ ի վնաս քո անձնական շահի, թե…

Ի թիվս այլոց, Չարչյանի համար այսպիսի մի փորձություն էր Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) վերաբերյալ փորձաքննությունը։

Ինչպես հիշում եք, Արթուրը մեծ դժվարություններով 2016 թ․ դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական կոնսիլիումի եզրակացության հիման վրա, որով արձանագրվել էր, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի կրման հետ։

Այնուհետև նշանակված հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ 23.01.2017թ․ հաստատվեց որ Արթուրը չի կարող կալանքի տակ գտնվել՝ իր առողջական վիճակով պայմանավորված։ Այս փորձաքննությունը տևեց մոտ մեկ ամիս, իրականացվեց նաև Արթուրի մանրամասն զննությունը։

Հիշյալ եզրակացությունը ստանալուն պես, մեկ օրվա ընթացքում 31.01.2017թ․ քննիչը նշանակեց կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն։

Այս փորձագիտական հանձնաժողովի կազմում էր նաև և պարոն Արմեն Չաչյանը։

Այս հանձնաժողովը Արթուրի փորձաքննությունն իրականացրեց ընդամենը 6 օրում, քանի որ շատ էին շտապում նույնիսկ չեն հետազոտել/զննել Արթուրին և տրամադրել էին եզրակացություն այն մասին, որ Արթուրի առողջական վիճակը այդքան էլ վատ չէ, նա նույնիսկ ստացիոնար բուժման կարիք չունի և կարող է հանգիստ կրել կալանքը։

Այս եզրակացությունը տրամադրվել էր 08.02.2017թ․ , ինչից անմիջապես հետո Արթուրին նորից կալանավորեցին։

Հետագայում արդեն Արթուրի մահվանից հետո իրականացվեց մեկ այլ փորձաքննություն, որի հանձնաժողղովի նախագահը ևս բարձր որակներին համապատասխան Մարդ էր (Երվանդ Սահակյանը)։ Եզրակացությամբ հաստատվեց, որ ոչ միայն սխալ էր պարող Չարչյանի մասնակցությամբ փորձաքննության եզրակացությունը, այլ նաև այդ հանձնաժողովն իրավունք չուներ առանց Արթուրին զննելու այդ տեսակի փորձաքննություն իրականացնել։

Հիմա Չարչյանի մասով․ նա լավ բժիշկ էր թե վատ, լավ էր ուսումնասիրել, խորացել և հասկացել Արթուրի իրական առողջական խնդիրները և վիճակը, թե դրան վերաբերվել էր իր բիզնես բժշկությունից ավելորդ ժամանակ խլող մի խանգարող խնդիր, որից ազատվելու համար պետք է ընդամենը ստորագրեր մի թուղթ՝ առանց խորանալու դրա հետևանքների մասին։ Թե միգուցե ալյ պատճառներ ուներ Չարչյանը։ Արդյոք բարձր անձնական և մասնագիտական որակներ էր դրսևորել Չարչյանը այս հարցում։

Չարչյանը չի կարող պաշտպանվել՝ ասելով, թե իբր ինքը մեկ ձայն էր այդ հանձնաժողովում, քանի որ հենց այդ մեկ ձայնի մասին եմ խոսում ես, որը կարող էր լինել ճշմարտության և արդարության ձայն, մասնագիտական նախանձախնդրության և ըմբոստության ձայն, սակայն Չարչյանն Արթուրի հարցը չէր դիտարկել ոչ իր մասնագիտական որակների և ոչ էլ իր անձնական որակների դրսևորման հնարավորություն։

Ինձ համար Արթուրի հարցը բավարար է «լավ բժիշկ և լավ մարդ» Չարչյանի վերաբերյալ գնահատականի ձևավորման համար։

Եթե Չարչյանն այն եկեղեցու հետևորդն է, որը բացի քաղաքական հարցերից նաև հոգևոր հարցերով է զբաղվում, ապա նա այս ամենի համար անխուսափելի պատասխան կտա, Արթուրին։

Բայց մինչ այդ նա պատասխան կտա այս կյանքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել