ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայմանը ասաց, որ գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում տեղյակ կպահեն:
«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չի, մասնակցում են նաև այլ կողմեր, դրա համար բանակցություններն ընթանում են: Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, մենք բանակցում ենք Ռուսաստանի հետ»,-նշեց նա:
ԳՇ պետն ասաց, որ իրենց խնդիրն է առանց բախումների թշնամուն դուրս հանել երկրից, անհրաժեշտության դեպքում՝ կհամագործակցեն ռուսական կողմի հետ:
«Երկար ժամանակ է քայլեր են արվում պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար, սակայն տեսանելի ապագայում չենք ունենա, այսինքն զորակոչից հրաժարվելու որևէ նախապայման չկա»,-նշեց նա:
Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմից հետ առաջնային խնդիրը բանակի մարտունակության վերականգնման խնդիրն էր և հիմա բավականին նկատելի աջողությունների են հասել այդ ուղղությամբ:
«Մեր տարածքում ոչ մի զիջումներ չեն պատրաստվում կատարել և չի լինի: Հարցը կկարգավորվի, հույս ունենք, բանակցային գործընթացով, եթե այդ տարբերակով չկարգավորվի համապատասխան որոշումներ կկայացվեն»,-նշեց նա:
ԳՇ պետը հայտնեց, որ ՀՀ տարածքում թշնամու թիվը չի ավելացել և չի պակասել: Միջադեպերն էլ առաջվա նման շատ չեն և դա պայմանավորված է բանակցային գործընթացով:
«Նորից եմ նշում՝ բանակը պատրաստ է ուժային տարբերակով հարցը լուծել, բայց դա ցանկալի տարբերակ չէ, հաշվի առնելով պատերազմի ընթացքում մեր կրած կորուստների քանակությունները, և նոր արհավիրքներից զերծ մնալու համար»,-ասաց նա:
Արտակ Դավթյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունում կա հանձնաժողով, որը զբաղվում է պատերազմի քննությամբ: