«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ելք կա այս ապագայից։
Հետաքրքիր բաներ են կատարվում Հայաստան երկրում: 1994 թ.-ին պատերազմը հաղթած գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր Պետրոսյանը, մեկ տարի հետո կայացած խորհրդարանական ընտրություններում առանց կեղծիք իրականացնելու չկարողացավ հաղթել և միևնույն ժամանակ 2020թ.-ին Արցախյան պատերազմում խայտառակ պարտություն կրած գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը կարողացավ խորհրդարանական ընտրություններում հաղթել առանց կեղծիքի և լեգիտիմ շարունակել կառավարել երկիրը: Այն ինչ կատարվեց տրամաբանական չէր, սակայն ունի իր պատճառը և բացատրությունը:
Ընտրարշավը հատուկ սցենարով իրականացվեց (իհարկե արտաքին ուժերի կողմից) այնպես որ պայքարը ծավալվի անցյալի և ներկայի ուժերի միջև, իսկ ժողովուրդ որը հիշում էր ԱՆՑՅԱԼԸ, և չուզենալով վերադառնալ դրան, ընտրեց չնայած դժգույն, բայց ՆԵՐԿԱՆ, չտեսնելով այլ ԱՊԱԳԱ: Եվ դրանում իհարկե մեղավոր է այսպես կոչված ազգի էլիտան, ( եթե այն կա) այսինք հազարավոր արվեստագետներ, գիտնականներ, ինժեներներ, և այլ ոլորտների մտավորականներ անտարբեր եղան երկրում ընթացող գործընթացներից կամ որոշ մասը «տաքուկ» տեղավորվեց «անցյալում» և «ներկայում»: Մնացած մասըˋ անձնական շահը բարձր դասելով փորձեց առանձին քաղաքական միավորներով մտնել ընտրապայքարի մեջ, ինչը ի սկսզբանե, հենց իրենց համար իսկ պարզ էր որ ձախողված էր, սակայն իրենց համար գործում էր ավելի լավ է միայնակ պարտվել, քան միասին հաղթել սկզբունքը: Այսինք Փաշինյանի ձայները մեծամասամբ ստացվել են Քոչարյանի շնորհիվ, ինչպես նաև մտավորական էլիտայի անտարբերության շնորհիվ:
Ինչևէ ընտրությունների արդյունքից ելնելով հայտնվեցինք մի իրավիճակում, երբ փաստորեն համաժողովրդական հանրաքվեով, մեծամասնությամբ վավերացրեցինք նոյեմբերի 8-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը, հավանություն տվեցինք վերջին 7 ամիսներին իշխանությունների կողմից իրականացվող կամ չիրականացվող քայլերին, քարտ բլանշ տվեցինք ապագայում նախատեսված կամ պլանավորված, հնարավոր է ոչ այնքան ազգանպաստ որոշումներին: Նույնիսկ եթե գործող վարչապետը իր պաշտոնը ստանձնել էր պատերազմի առաջին օրը, նա է պատասխանատու պատերազմի այսպիսի ելքի համար, և չպետք է իրավունք ունենար շարունակել պաշտոնավարել:
Ինչ անել․․․
Հիշելով Արցախյան պատերազմների ավելի քան տաս հազար զոհերին, յուրաքանչյուրս պետք է վերանայենք մեր արժեքային համակարգը, մեր ապրելակերպն ու գործելակերպը և պետք է բացի երեք բան անելուցˋ ծառ տնկելուց, երեխա ունենալուց և տուն կառուցելուց, կառուցենք նաև երկիր, այլապես կկորցնենք այն երեքը, այլապես չենք իմաստավորի պատերազմում մեր բոլոր զոհվածներին:
Պետք է այլևս չբավարարվենք միայն անձնական մասնագիտական աշխատանքով, ինչպես անընդհատ ասում էր Կարեն Վարդանյանը պետք է ստեղծել հասարակական, մասնագիտական, քաղաքական հեղինակություն ունեցող և բազմամարդ միավորներ, իրականացնել հանրային նախաձեռնություններ, իրական ազդեցություն գործել իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության, տնտեսության և այլ ոլորտների կառավարման վրա: Երեսուն տարի է որևէ կառավարության կողմից չի իրականացվել ռազմավարական ծրագրերˋ կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների ստեղծման, բնապահպանության, տնտեսության, այդ թվում գյուղատնտեսության ոլորտներում, այլ տարիներ շարունակ իրականացվել է միայն օպերատիվ կառավարում, այն էլ ոչ թե խնդիրների լուծման ուղղությամբ, այլ սեփական իշխանությունը ամրապնդելու և իրենց համար կառավարելի և կանխատեսելի դարձնելու համար:
Գլոբալ պատճառը իհարկե կրթության ցածր մակարդակն է, որքան շատ չկրթված մարդ այնքան հեշտ կառավարելի ընտրազանգված: Անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական, ոլորտային, արհմիութենական կազմակերպություններ, հասարակական, քաղաքական ակումբներ և առաջարկել, համոզել, ստիպել ներկա իշխանություններին իրականացնելու ազգանպաստ, պետականաստեղծ ծրագրեր: Այլևս անցել է այն ժամանակները, երբ ասում էին դե ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ են, թողեք հանգիստ թող աշխատեն: Այլևս հանգիստ աշխատանք չպետք է լինի մինչև չվերականգնենք կորցրածը և չբազմապատկենք ձեռքբերածը:
ԵԼՔ ԿԱˋ ԱՊԱԳԱ»։