«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Նա լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քվեարկել է հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար:
«Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է: Ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել»,-նշեց կուսակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ պետք է փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնել հանուն ավելի մեծ ճշմարտության:
«Վաղվա հետ կապված մենք արդեն ունենք ծանուցումներ, որ կողմերը պետք է ցույցեր անեն, այդ երկու բևեռները: Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում, քվեատուփերի մեջ, մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն, միայն այս պարագայում է, որ այս վիճակից ելքեր կգտնենք»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա իր խոսքում նշեց, որ փողով գնալ ընտրության և ընտրության համար փող բաժանելը թշնամություն է. «Որ ուժը, որ ընտրակաշառք կբաժանի, կարելի է ասել` «Իլհամ Ալիև» ուժ է, էլ ինչ ասեմ, և ընտրակաշառք
«վերցնողներն էլ նույնը»: