Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։
Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 13:45-ից սկսած Վարդենիսի շրջանի գյուղերից մեկի հայկական զինված ուժերի դիրքերից պարբերաբար կրակոցների են եղել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
Նշվում էր, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
«Ներկայումս իրավիճակն այս ուղղությամբ կայուն է»,-նշված էր հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները նման դեպքի մասին էին հայտնել հունիսի 10-ին։
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։