«Հայաստանն անցավ մեծ աղետի միջով, այդ աղետի համար վճարելով՝ անցյալի սխալների, բացթողումների, անցյալում որդեգրած պետության մոդելի և հաղթանակը մսխելու պատճառով: Այս ընտրությունները կարևոր են, որովհետև այժմ, այս աղետից հետո պետք է նոր ընտրություն կատարվի: Սա Հայաստանի ապագայի տեսլականի ընտրություն է»,-այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
Նա ասաց, որ եթե ոմանք գտնում են, որ հիասթափված են, ապա պետք է ընդունեն, որ ՀՀ-ի ապագան էլ պետք է հիասթափությունը լինի:
Նրա խոսքով՝ եթե մարդիկ չեն մասնակցում ընտրություններին, ապա պետք է ընդունեն, որ ՀՀ-ի ապագան էլ դուրս է մնալու:
«Հայաստանի այլընտրանքը 21-րդ դարին հարիր, արդյունաբերական 5-րդ հեղափոխությանը համընթաց քայլող, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող, ապագայի պատերազմներին պատրաստ անվտանգային կատարյալ համակարգ ունեցող պետությունն է»,-նշեց Հանրային խորհրդի նախագահը:
Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից մեկին, երբ ասել էր, որ Երևանը շինհրապարակ է սարքելու և գործատեղեր ավելացնի:
«Դեռևս չեն հասկանում, որ այն շինհրապարակը, որը բացեցին Հայաստանի գլխին, դեռ չենք կարողացել փակել: Եվ այդ շինհրապարակները միայն շենքերը չեն, որտեղ բնակարանների մեծ մասը պատկանում են սեփական ընտանիքներին կամ սեփական կլանի անդամներին»,-ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ իրավունք չկա 21-րդ դարի լավագույն պայմանների դեպքում, պատերազմի մասին իմանալ նույն օրը:, աղետի դեպքում իմանալ հաջորդ պահին:
«Մենք բերելու ենք բարեփոխված բանակ, կատարելապես արդիականացված, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սահման, որը անառիկ է, որը պահող զինվորը, զինվորականը պրոֆեսիոնալ է: Բերելու ենք համակարգ որտեղ մարդու առողջությունն ապահովագրված է լինելու, մենք առաջարկելու ենք և հասնելու ենք դրան»,-նշեց նա:
Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ ամոթ է, որ 21-րդ դարում Հայաստանում լինի ծայրահեղ աղքատություն. «Այսպիսի աշխատասեր ժողովուրդը չի կարող ունենալ ծայրահեղ աղքատություն»: