Մոսկվայում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
«Մենք ուժեղացնում ենք մեր ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՝ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակներում», -ասել է Սերգեյ Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի ՝ Հանրապետության օրվա առթիվ:
«Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը. այս օրով հնարավոր դարձավ Ձեր այցը Մոսկվա: Սա վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները առաջվա պես շատ բարձր մակարդակի վրա են, և մեր ռազմավարական գործընկերությունը շարունակում ենք զարգացնել և խորացնել»,- հայտարարել է նա:
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ հաջողությամբ իրականացվում են Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միավորված խմբերի, ինչպես նաև կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ և իհարկե այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները», – ասել Սերգեյ Շոյգուն:
Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ կքննարկեն համագործակցության բոլոր հարցերը, որոնք հաջող կերպով զարգանում են: