Խիզախների կրթօջախ․ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը՝ Ոստիկանության կրթահամալիրի, այնտեղ սովորելու առավելությունների մասին

Եթե բախտ վիճակվեր կրկին բարձրագույն կրթություն ստանալ, ապա, անկասկած, ես նորից կընտրեի ՀՀ ոստիկանության կրթահամալիրը (ակադեմիան)։ Այն խիզախների կրթօջախ է։ Այս մասին գրում էՈստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։

«Ինչու՞, որովհետև այս բուհում ստացած գիտելիքներն ինձ դարձրին այն, ինչ կամ հիմա, այս բուհում ստացած կրթությունն ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել հասարակությանը, հայրենիքիս ծառայելու համար անհրաժեշտ գիտելիք, գաղափար, հմտություն, այստեղ ստացած կրթությամբ ես կարողացա հագեցնել հանցագործությունները բացահայտելու, հանցագործներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու պատանեկան ամենանվիրական ռոմանտիկ երազանքների ծարավը։
Հիմա հաստատ կընտրեի այս բուհը, քանի որ միայն այստեղ աննախադեպ 5-ամսյա ինտերակտիվ ուսումնառությունից հետո ես հնարավորություն կստանայի դառնալու նոր ստեղծվող, դինամիկ արտաքին ծառայություն իրականացնելուն կոչված ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ առաջին ծառայողներից (պարեկներից) մեկը։

Այս ամենից զատ՝ կընտրեի ոստիկանական այս բուհը, որովհետև`

1. Այս բուհում ես կարող եմ ստանալ բարձրագույն իրավաբանական և ոստիկանական մասնագիտական կրթություն։ Սա իմ առաջ կարող է բացել իրավապահ ցանկացած համակարգում և առհասարակ պետական ու մասնավոր բոլոր կառույցներում ցանկացած պաշտոն զբաղեցնելու (պարեկ, օպերլիազոր, քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, ցանկացած հիմնարկում՝ իրավաբան…) և այդ պաշտոնում հասարակությանը ծառայելու լայն հնարավորություններ։

2. Ոստիկանության կրթահամալիրը Հայաստանում միակ ոստիկանական ռազմական ուսումնական հաստատությունն է։ Սա ԽԻԶԱԽՆԵՐԻ ԿՐԹՕՋԱԽ է, սա արժանապատիվ ոստիկանների և սպաների անզուգական դարբնոցն է։ Իր տեսակի մեջ միակը հանդիսացող բուհում սովորելն առավելագույնս կընդգծի իմ խառնվածքը, առաջինն ու միակը դառնալու տղամարդկային ձգտումը։

3. Կրթահամալիրում ես կարող եմ ստանալ ժամանակակից գիտական մտքի զարգացմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպման սկզբունքներին համահունչ առաջնակարգ իրավաբանական և ոստիկանական մասնագիտական կրթություն։ Կրթահամալիրում դասավանդում են հանրապետության մակարդակով ճանաչում ունեցող պատվավոր իրավաբաններ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ…։ Դասախոսական կազմը համալրված է ոչ միայն անմրցելի տեսաբան գիտնականներով, այլև ներկա և նախկին դատախազներով, քննիչներով, փաստաբաներով, օպերատիվ աշխատակիցներով, ոստիկանության և պետական ապարատի այլ կառույցների պաշտոնյաներով։ Սա հնարավորություն է տալիս առավելագույնս արդյունավետ համադրել տեսական և պրակտիկ գիտելիքները, ավարտելուց հետո անմիջապես համարվել պատրաստի մասնագետ։

4. Կրթահամալիրում կրթության ընթացքում հնարավորություն կունենամ ոչ միայն յուրացնել զուտ իրավաբանական գիտելիքներ, այլև տղամարդուն, պաշտպանին, ոստիկանին, սպային բնորոշ հմտություններ հրաձգությունից (անընդհատ պրակտիկ պարապմունքներ հրաձգարաններում՝ տարբեր զինատեսակների միջոցով), տեղագրությունից, հատուկ տակտիկական պատրաստականությունից, սամբոյի, հարձակողական և պաշտպանական մարտարվեստի բազմազան ձևերից։

5. Կրթահամալիրում ձեռնամարտի փորձառու վարպետներն ու մարզասարքերով համալրված 4 մարզադահլիճները, լողավազանը, ֆուտբոլի դաշտն ինձ ոչ միայն կդարձնեն առողջ, գեղեցիկ, ուժեղ, այլև կսովորեցնեն պաշտպանել ինձ համար կարևոր, թանկ անձանց, արժեքներն ու հայրենիքս։

6. Կրթահամալիրում ուսումնառության ընթացքում բազմաթիվ պրակտիկաները ոստիկանական ամենատարբեր ստորաբաժանումներում և իրավապահ այլ մարմիններում ինձ կտան պրակտիկ լուրջ գիտելիքներ, ծանոթություններ, շփումներ։

7. Հայաստանում միակ բուհը, որտեղ ամբողջ ծավալով (գաղտնի ինստիտուտներով հանդերձ) դասավանդվում է օպերատիվ հետախուզական գործունեություն առարկան, ոստիկանության կրթահամալիրն է։ Սա ինձ հնարավորություն կտա յուրացնել օպերատիվ աշխատանքի բոլոր նրբությունները, ստանալ մյուսներից տարբերվող կարևոր գիտելիքներ։

8. Կրթահամալիրում սովորելիս ես կրելու եմ տղամարդկային կեցվածքս ընդգծող ոստիկանական համազգեստ, շարային քայլքն ու զինվորական կանոնադրական պահանջների պահպանումն ինձ տալու է զգաստ, խրոխտ, հրամանատար տղամարդու կեցվածք։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո ինձ շնորհվելու է «Ոստիկանության լեյտենանտ» հատուկ սպայական կոչումը։

9. Ես երաշխավորված եմ լինելու արժանապատիվ աշխատանքով։ Բուհն ավարտելուց հետո, անմիջապես նշանակվելու եմ համապատասխան պաշտոնի ոստիկանության ստորաբաժանումներում։

10. Ուսումնառությունն ինձ համար բացարձակ անվճար է լինելու։ Կրթահամալիրն ինձ տրամադրելու է համազգեստ, հովացվող և տաքացվող լսարաններ, ուսումնական գույք և համակարգչային նորարարական տեխնիկա։ Ավելին` ուսումնառության ընթացքում հանդիսանալու եմ ոստիկանության ծառայող, ուսումնառության տարիները համարվելու են ծառայության ստաժ, ուսման ողջ ժամանակահատվածում ստանալու եմ վարձատրություն` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ գերազանց առաջադիմություն և ծառայողական կարգապահություն ցուցաբերելու դեպքում ստանալու եմ նաև անվանական կրթաթոշակ: Օգտվելու եմ անվճար բուժօգնության և ոստիկանության ծառայողին հատկացված այլ սոցիալական երաշխիքներից, արտոնություններից։

11. Սովորելու եմ կրթահամալիրում, որի տարածքն աչքի է ընկնում իր հրաշալի բուսականությամբ, բարեկարգվածությամբ, տեսարժան վայրերով։

12. Սովորելու եմ մի բուհում, որի շրջանավարտներն են հանդիսանում ոստիկանության բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները, անվանի պրոֆեսիոնալները։ Ես սովորելու և ընկերանալու եմ առնվազն մի քանի տարի անց իրավապահ համակարգի ապագա պաշտոնյաների, մասնագետների, լուրջ ու կարգին տղերքի և հանրապետության լավագույն հարսնացուների շարքերը համալրող գեղեցիկ, խելացի աղջիկների հետ։

13. Անհրաժեշտության դեպքում կրթահամալիրն ինձ ապահովելու է անվճար հանրակացարանով։

14. Եթե ավտոմեքենայով եմ, ապա կրթահամալիրն ունի անվճար (առանց կարմիր գծերի) ավտոկայանատեղի։

15. Կրթահամալիրում իմ առօրյան լինելու է չափազանց հագեցած և հետաքրքիր, քանի որ բացի ուսումնական պարապմունքներից, հնարավորություն եմ ունենալու ներգրավվել տարատեսակ գիտական խմբակների, մշակութային, ինտելեկտուալ և սպորտային միջոցառումների:

16. Կրթահամալիրում գործող իրավաբանական կլինիկայի աշխատանքներին ներգրավվելու շնորհիվ ես մի կողմից հնարավորություն կստանամ իրավաբանական բնույթի իրական խնդիրների լուծումները որոնելով և գտնելով կատարելագործել իմ մասնագիտական կարողություններն ու հմտությունները, մյուս կողմից` հոգեկան բավարարվածություն ստանալ այն փաստից, որ կարողացա օգտակար լինել հասարակությանը:

17. Կրթահամալիրում ուսումնառության առանձնահատկությունների, մասնավորապես` ուսման և ծառայության յուրահատուկ զուգորդման շնորհիվ ես ձեռք կբերեմ հավատարիմ ընկերներ, ովքեր փորձված են ժամանակով և միասին հաղթահարված դժվարություններով:

Մի խոսքով, ապրածս կյանքը՝ իր վերելքներով ու վայրէջքներով, ինձ բազմիցս ապացուցել է, որ եթե ուսում, ապա` միայն ոստիկանության կրթահամալիրում և վերջ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել