Հնարավո՞ր է ներել քաղաքացիների վարկերը, ինչպես խոստանում են քաղաքական որոշ ուժեր․ ԿԲ նախագահը պարզաբանում է

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Պատգամավորներ Կարեն Գրիգորյանը հարց ուղղեց ԿԲ նախագահին՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կան քաղաքական ուժեր, որոնք ասում են՝ իշխանություն գալու դեպքում քաղաքացիների վարկերը կզրոյացնեն։ «Դուք, իբրև Կենտրոնական բանկի նախագահ, ո՞նց եք դա գնահատում։ Որքա՞ն է Հայաստանում գտնվող առևտրային բանկերի վարկային պորտֆելը և ինչքանո՞վ է իրատեսական, ու՞մ հաշվին դա պետք է զրոյացվի, ինչ գումարների, միլիոնների հաշվին»,-իր հարցում նշեց պատգամավորը։

Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանում ընդհանուր վարկերը մայիսի 10-ի դրությամբ կազմել են 3 տրիլիոն 840 միլիարդ դրամ։ «Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին՝ բնականաբար նախընտրական փուլում կլինեն հայտարարություններ, ես չէի ուզի բովանդակային քննարկման մեջ մտնել, բայց եթե նույնիսկ կան հայրենակիցներ, որոնք գտնվում են ծանր իրավիճակում ու չեն կարողանում սպասարկել իրենց վարկային բեռը, կառավարությունն այդտեղ կարող է իրականացնել որոշակի խելամիտ քաղաքականություն՝ օժանդակության՝ սոցիալական առումով, բայց խոսքը չի գնում վարկերը ներելու կամ այնպիսի գործողությունների մասին, որոնք կխաթարեն դիստիպլինան, վճարելը և պայմանագրերի չհարգելը։

Կարծում եմ, Հայաստանում նման քաղաքական ուժ չպետք է լինի, որը խոսի պայմանագրերը չհարգելու մասին»,-ասաց Մարտին Գալստյանը։

Հարցին արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԿԲ նախագահին հորդորելով չանցնել իր լիազորությունները։ «Քանի որ բավականին երևում է շատ շահագրգիռ էին, որ ինչ-որ թեմա քննարկվի, ազգանունը չեմ իմանում գործընկերոջ՝ նոր պատգամավոր է, ի՞նչ կապ ունի վարկային պորտֆելը, նրա հետ՝ ինչ որ ասվում է։ Դուք հանգիստ եղեք, ամեն ինչ ժամանակին կիմանաք, թե ո՞նց է լինում և կհասկանաք, Կենտրոնական բանկի նախագահն էլ հետո անպայման կողջունի էն՝ ինչ-որ պետք է արվի հետագայում։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ պարոն Գալստյան, դուք որպես ԿԲ նախագահ, քաղաքական ուժերին մի հորդորեք՝ ինչ պետք է անեն, դա ձեր գործառույթների մեջ չի մտնում, թե քաղաքական ուժերն ինչ պետք է ասեն, ինչ չպետք է ասեն»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի համակիրների հետ:

Նա խոսել է նաև վարկերի, «լոմբարդային համակարգի» մասին, վարկերի ներման մասին․ «Մենք ունենք 650 հազար ընտանիք, ունենք 2 միլիոն 200 հազար վարկառու։ Այսինքն ամեն ընտանիքից 3 հոգի վարկի տակ են։ Մինչև քայլ չկատարվի, ժողովրդին ներում չշնորհվի, որ մարդիկ կարողանան գոնե 2 միլիոն մարդ, մինչև 3 միլիոն դրամ ներում շանորհեն, որ էս մարդը կարողանա նոր կյանք սկսի, եղածը չկորցնի։ Մարդիկ կարողանան նորից թափ առնենք, նորից իրենց քայլերը, իրենց ծրագրերը, իրենց աշխատանքները ձևավորեն»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել