Խոշոր տուգանք կսահմանվի գերեզմանի կառուցապատման, բարեկարգման, շահագործման կանոնները խախտելու համար

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։

Հարցը զեկուցող պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ։ «Բովանդակային փոփոխությունները վերաբերել են մի քանի պահանջների։ Առաջին ընթերցման ժամանակ մենք ներառել ենք նաև «ծննդավայր» հասկացողությունը՝ հուղարկավորություն իրականացնելու հետ կապված։ Նպատակն այն էր, որ անձը կարող է հուղարկավորվել իր ծննդավայրում, սակայն այլ իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն կարծիքին, որ ծննդավայր» հասկացողություն վերաբերում է ամբողջ ՀՀ-ին և հետևաբար այդ պահանջը չէինք կարող իրականացնել, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք այդ պահանջից»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով՝ խստացվել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված և տվյալ ոլորտին վերաբերող նորմերը։

«Նախատեսլե ենք նաև կրկնակության դեպքում պատասխանատվություն․ այսինքն, եթե անձը իրականացնում է հուղարկավորություն գերզեմանատան տարածքից դուրս և չի վերահուղարկավորում գերեզմանի տարածք, մենք ավելացրել ենք այդտեղ «կրկին անգամ» հասկացողությունն ու նախատեսել ավելի ծանր սանկցիա»,-մանրամասնեց նա։

Նախագծի համաձայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156.1 հոդվածը (Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը) կլրացվի 1.1 կետով, որի համաձայն․

Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման եւ շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 1 000 000 դրամի չափով:

կլրացվի նաև 4.1-ին մասով.

«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով ( 2 միլիոն դրամ)։

Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո` յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ( 5 միլիոն դրամ)»:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով:

Նշենք, որ Աժ-ի կողմից ընդունման դեպքում այս օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

Մյուս մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել