Ոնց կասեր դասականը՝ մարդիկ իրենց համար հով լռված են․ Նաիրա Զոհրաբյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Ազգային ժողովում հերթական նիստն է ընթանում։ Հարցերի մեկի քննարկման մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ կշեղվի թեմայից ու ուշադրությունը նորից հրավիրեց սահմանային իրավիճակի վրա։

«Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի հարյուրավոր զինվորներ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Ընդամենն օրեր առաջ, այս ամբիոնից, պաշտպանության նախարար Վաղինակ Վարնազովիչը՝ անդրադառնալով սահմանային բախումներին, հայտարարում էր՝ «Ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որ բերում են զոհերի կամ վիրավորների։ Սա խնդիր է, որը, կարելի է ասել, այս պահին լուծված է։ Իսկ այս միջադեպերը կլինեն, մնեք պիտի եզրակացություններ անենք, որ հովիվը (հիշում եք, որ հովիվին ծեծել էին), չգնա այնտեղ և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների սահմաններին»։

Այսինքն Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը պաշտպանության նախարարը համարեց ադրբեջանցիների դիրքեր, կներեք, ես բերում եմ բառացի նրա մեջբերումը, որ ուսապարկային մանիֆակտուրան հանկարծ չհայտարարի՝ լկտի սուտ է։

Եվ այսպես, եթե սա փորձեմ տրանսֆորմացնեմ խորհրդարանական սլենգով, ապա կստացվի, որ ՊՆ-ն հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրենց համար հով լռված են և որևէ մեկի չեն խանգարում։ Երեկ արդեն մենք ունեցանք զոհ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Գևորգ Խուրշուդյանն ունի երկու անչափահաս զավակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել