Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
Սույն հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում շարադրված կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net