«Կենտրոնի» եթերով Լևոն Զուրաբյանի կողմից արված քարոզչական բնույթի կոչերն այդ օրն անթույլատրելի՞ էին

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» փակ բաժնետիրական ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 17-Ա որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին։

2012թ. մայիսի 11-ին Հանձնաժողովը որոշում է ընդունել Ընկերության նկատմամբ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք կիրառելու մասին։ Նշված որոշումն ընդունվել է վարչական իրավախախտման վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ կողմից 07.05.2012թ. կազմված արձանագրության հիման վրա։ Ինչպես նշված է արձանագրության մեջ. «մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելիս արձանագրել եմ նախընտրական քարոզչության հատկանիշներ 06.05.2012 թվականի «Կենտրոն» հեռուստաընկերության («Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի») «էպիկենտրոն» հաղորդաշարում ժամը 16։50-17։00 ժամանակահատվածում« «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լևոև Զուրաբյանը հանդես է եկել կոչով« մասնավորապես մեջբերել է. «… բայց ամենակարևոր գործոնը դա ընտրություններին մասնակցությունն է և մենք ևս մեկ անգամ հիմա կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ընտրողներին։ Միակ ձևը այս ընտրակեղծիքների դեմն առնելու այն է, որ բոլորդ ակտիվորեն գաք մասնակցեք ընտրություններին և Ձեր ձայնը որևէ դեպքում չտաք ընտրակեղծարարության կազմակերպիչներին և զլխավոր հանցագործներին՝ Հանրապետական կուսակցությանը»։ Այնուհետև, իրավախախտում արձանագրողը եզրակացրել է, որ «Նշված արարքը համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշներին»։ Հիմք ընդունելով Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի արձանագրած խախտումը, հարուցվել է թիվ 3 վարչական վարույթը՝ Ընկերությանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

Դատարանի վերլուծությամբ՝ անկախ նրանից, թե «Էպիկենտրոն» հաղորդաշարի ընթացքում կոնկրետ ում կողմից է հնչել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի` Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ, դրա համար պատասխանատուն Ընկերությունն է, այլ ոչ թե համապատասխան քարոզչություն իրականացրած անձը։ Ընկերությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2012թ. մայիսի 06-ին պարտավոր էր «Էպիկենտրոն» հաղորդաշարի եթեր արձակելուց առաջ, դրա մասնակիցներին խստորեն նախազգուշացնել հաղորդաշարի ընթացքում ընտրությունների հետ կապված որևէ քարոզչական բնույթի տեղեկատվություն չհրապարակելու, կոչ չանելու օրենսդրական արգելքի մասին։ Սույն գործի փաստերով չի հաստատվել Ընկերության կողմից այդպիսի նախազգուշացում կատարած լինելու հանգամանքը։

Բացի դա, անկախ այդպիսի նախազգուշացումից, Ընկերությունը պատասխանատու է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը «Էպիկենտրոն» հաղորդաշարի մասնակիցներից որևէ մեկի կողմից հնչեցրած քարոզչության համար, քանի որ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի կողմից արված քարոզչական բնույթի կոչը հնարավոր չէ համարել այնպիսի տեղեկատվության հրապարակում, որի համար` ըստ օրենքի, պատասխանատվություն պետք է կրի հենց նա։

Սույն գործով դատարանը վճռեց «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» փակ բաժնետիրական ընկերության հայցը` ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել