Անհարգալից վերաբերմունք է դրսևորե՞լ ոստիկանների նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ

Նախկինում դատվածություն չունեցող Հովսեփ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2013թ. գտնվելով 2-րդ աստիճանի հարբածության վիճակում, ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ տվել ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա գտնվող ոստիկանների նկատմամբ:

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
4) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել