Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության հերթական նիստին, անդրադարձավ համացանցում պտտվող «նոր համաձայնագրի, պայմանագրի» իրական լինել-չլինելու հարցին։

Նրա խոսքով՝ շատ անհարգալից իրադրություն է ձևավորվել Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ։

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, սևով փակած է, և դա ներակայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։

Պատկերացնում եք։ Պատկերացնում եք, թուղթ հրապարակեն, ամբողջ բովանդակությունը ծածկված, ասեն՝ տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում։ Բա եթե այդպես է, ընդհակառակը՝ դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ՝ բացվեն, ներկայացվեն հանրությանը։ Ինչի՞ եք թաքցնում բա։

Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստանում։

Նա նշեց, որ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ՝ միայն Ադրբեջանն է։

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9, այլ 100 տոկոսով, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։

Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն, և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել