Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ դժգոհ է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից․ Արմեն Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին իրավիճակին, ասել է, որ ՀՀ իշխանություններն ընտրել են դիվանագիտական քաղաքական ճանապարհով հարցը լուծելու ճանապարհը։

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի մոտ առկա քարտեզների համաձայն՝ այդ ամբողջ տարածքները մերն են․ «Սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսենք, միաժամանակ մեր շահերից է բխում, որ սահմանը հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզների և բանակցությունների միջոցով և այս հարցի լուծումը տեսնում ենք եռաչափ ձևաչափով՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան»։

Սյունիքի մարզի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է, որ Ադրբեջանը հետ քաշվի, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը ամբողջությամբ ի կատար չի ածվել։

«Մեզ համար շատ կարևոր և սկզբունքային դիրքորոշում է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ։ Որոշակի զորք հանել է Ադրբեջանը, բայց խնդիրը չենք համարում կարգավորված»,-ասաց նա և նշեց, որ եթե չվերադառնան Հայաստանը ստիպված է լինելու այլ գործիքներ կիրառի, կներգրավենք մեր դաշնակիցներին։

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ դժգոհ է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

«Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է։ Եթե հաղթել է, ապա ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ստացել ևս երկու պետության բանակ, դա համարել հաղթանակ, ես չէի համարի։

Իրականում Ադրբեջանն այս քայլերով, այս պրովոկացիայով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չի նոյեմբերի 9–ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի՝ ինչպես Զանգեզուրն է, կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեր մոտ փորձել են այդ միտքը սերմանել, որ ամբողջովին Ադրբեջանը հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց նա ընտրեց ռազմական ճանապարհը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել