Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը ասաց․

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։

Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչով է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը:

«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ ավելի է սաստկանալու, եւ իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության հետ կապված, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով: Նույնքան վտանգավոր է նաեւ երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող ապակայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, եւ մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր եւ տեւական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաեւ մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետեւաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել