Ադրբեջանական ԶՈւ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում․ Գնել Սանոսյան

Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են նաև մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։

Ինչպես նշված ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,-նշել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել