ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ:
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գործոնով պայմանավորված բռնկումներին»:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է:
Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:
Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ: