Բանկոմատներից օգտվելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար

Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Բանկոմատից օգտվելու հետ կապված մի շարք կանոնների մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.amից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Այսպիսով, բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):

Քարտը տեղադրե՛ք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները:

-PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն:

-Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը:

-3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր  բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով, որպեսզի արգելափակեք քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով:

-Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ անսարք է կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, ըստ ձեզ, կարող են լինել կեղծ:

-Աշխատեք հնարավորինս արագ կատարել բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս մղել և երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու դեպքում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):

-Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը:

Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:

Մոտակայքում ձեր բանկի բանկոմատ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել