Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության մոնիթորինգի և նորարարությունների վարչության Արմավիրի բաժնի գլխավոր խորհրդատու Մանվել Ստեփանյանը այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ Էկոնոմիկայի նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցների կրճատում են, քանի որ իրենց աշխատանքը որակվել է ոչ արդյունավետ:
«Պարոն վարչապետն ասում է, որ պետք է աջակցել գյուղատնտեսությանը, կանգնել գյուղացու կողքին, իսկ գյուղացու կողքին ո՞վ է կանգնած՝ խորհրդատուն: Մենք հենց այն միջնորդ օղակն ենք, ովքեր պետք է կատարեն խորհրդատվություն գյուղացուն: Եթե կրճատումը կատարվում է ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով, ապա թող մեզ փոխարինեն ավելի բարձրակարգ մասնագետներով»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ լավագույն աշխատակիցներին կրճատում են. միգուցե՝ ամբողջ համակարգը փակելու համար։
Նախարարության աշխատակիցը նշեց, որ նախարարը գործից անտեղյակ է, նույնիսկ չգիտի, թե ինչ աշխատանք են կատարում և ինչն է կրճատվող աշխատակիցների պարտականությունները:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը թեմայի վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք փորձում են հարկատուների միջոցները ծախսել հնարավորինս արդյունավետ:
«Նախարարության մյուս բոլոր ոլորտներում ևս փոփոխություններ են արվում, որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն՝ ստեղծվում են: Օրինակ՝ հիմա ստեղծում ենք արտահանման համար պատասխանատու վարչություն: Այնպես չէ, որ միայն հանում ենք»,-ասաց նա:
Վահան Քերոբյանի խոսքով՝ ինքն այցելել է աշխատանքից ազատվող աշխատակիցների սենյակ: Նա ասաց, որ այդ աշխատակիցների գործառույթը պատրաստվում են պատվիրակել բանկերին կամ այն ընկերություններին, որոնց միջոցով ֆինանսական միջոցներ են մղվում դեպի գյուղատնտեսություն:
Գյուղատնտեսության նախարարություն չունենալու վերաբերյալ Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին բոլոր ջանքերն ուղղված են գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելուն. «Այդ առումով մենք շատ մեծ ջանք ենք ներդնում նաև գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելուն, որպեսզի մարդիկ դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, այլ նաև ունենան այլ գործերով զբաղվելու հնարավորություններ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ բնական է, երբ մարդը աշխատանք է կորցնում, դա ցավալի է. «Մեր նպատակը այն չէ, որ աշխատատեղերը քչացնենք, մենք ուզում ենք անենք այնպես, որպեսզի աշխատատեղերը կտրուկ շատանան: Պետք է, որ ինձ հետ համամիտ լինեք, եթե ինչ-որ մարդ անում է աշխատանք, որը էլ պետք չէ կամ դա կարելի է անել, օրինակ՝ թվային ձևով, ավելի արդիական ձևով, ապա այդ մոդերնիզացիան պետք է անել»:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպեց նաև ակցիայի մասնակիցների հետ և խոստացավ, որ ինչքան հնարավոր է կոմպենսացիա կառաջարկվի նրանց:
Երբ նրան ասացին, որ իրենց կոմպենսացիա հարկավոր չէ, իրենք ուզում են աշխատել, Վահան Քերոբյան ասաց՝ դե եկեք ոչ մի բան չփոխենք այս երկրում։
«Պատերազմից հետո, երբ նշանակվեցի նախարար, ինքս ինձ խոսք տվեցի, որ աշխատելու եմ այնպես, որ մեռած երեխեքի համար ստեղծեմ լավ, ուժեղ երկիր, որ իրենց հիշատակը վառ լինի և դա պետք է լինի հզոր տնտեսություն կառուցելով»,-ասաց Վահան Քերոբյանը: